
Երբ սկսվեց պատերազմը, յուրաքանչյուրս մտածում էինք, թե ինչպես օգնել, պաշտպանել երկիրը: Հենց պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ից կամավորագրվել եմ և գնացել ծառայության: Ինձ նշանակել են տանկային դասակի հրամանատար: Առաջին մեկ շաբաթը եղել եմ Մարգարա գյուղում, որից հետո Նոյեմբերյանի առաջնագծում: Հետո տեղափոխվեցի Իջևանի առաջնագիծ, այնուհետև Շուշի: Զորացրվել եմ դեկտեմբերի 28- ին:
Կռվի ընթացքում ձեռք եմ բերել մարտական շատ ընկերներ, որոնց հետ պատրաստ եմ անգամ կյանքս զոհաբերել հանուն հայրենիքի:
Ես մեծ պատասխանատվությամբ կատարել եմ ինձ տրված առաջադրանքները և հպարտ եմ իմ կատարած աշխատանքով: Մեզ պարտված չեմ համարում, քանի որ արել ենք բոլոր հնարավորն ու անհնարինը՝ չխնայելով մեր կյանքը:
Խոնարհվելով մեր զոհված եղբայրների շիրիմների առաջ, ուզում եմ, էլ երբեք չընկճվենք: Իհարկե թերահավատորեն չվերաբերվելով թշնամուն, մեր գործով և խելքով ցույց տանք, որ արժանի ենք հզոր հայրենիք ունենալուն: